Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։

Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։

Պատմություն

1960-ականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտը նախատեսել է կառուցել համերգային սրահ 1966-ին։ Հաղթող նախագիծն էր 10 հազար տեղանոց շրջանաձև շինությունը։

Գումարների սղության պատճառով նախագիծը չիրականացվեց։

Համալիրը բացվել է 1983 թ.-ին, սակայն ստիպված էր փակել մեկ ու կես տարի հետո, 1985 թ.-ին եղած հրդեհից հետո։ Վերանորոգման գործընթացը տեղի է ունեցել մինչև 1987 թվականի վերջը, երբ կրկին պատրաստվում էր հյուրընկալել համերգներ և մարզական միջոցառումներ։ Համալիրը մշակվել է մի խումբ հայ ճարտարապետների՝ Կ․ Հակոբյանի, Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Հ. Պողոսյանի և Գ. Մուշեղյանի, ինժեներ կոնստրուկտորներ՝ Ի. Ծատուրյանի, Գ. Ազիզյանի, ինժեներ տեխնոլոգ Մ. Ահարոնյանի կողմից։

1990 թ.-ին Յան Գիլլանի խումբը համերգներ է անցկացրել այնտեղ[3]։ Դեմիրճյան համալիրում տեղի ունեցավ նաև 32-րդ շախմատի օլիմպիադան։

1999 թ. Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանի նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանի սպանությունից շատ չանցած համալիրը վերանվանվել է նրա պատվին՝ խորհրդային ժամանակաշրջանում շինարարության և համալիրի վերանորոգման գործում ունեցած ավանդի համար։

2005 թ. հոկտեմբերի 9-ին համալիրը վաճառվել է 5.7 մլն ԱՄՆ դոլարով։ Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի կառավարության և ռուսական BAMO հոլդինգ ընկերության միջև։ Մոսկվայից հայազգի Մուրադ Մուրադյանը և BAMO-ի ղեկավարը փորձել են ստանալ Երևանի քաղաքացիների աջակցությունը, որոնք անհանգստացած էին շենքի սեփականաշնորհման համար։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացվել են երկու պայմաններ՝ համալիրի անվանումը չպետք է փոխվի, և այն պետք է պահպանի իր ֆունկցիոնալ իմաստը։ Կազմակերպությունը համաձայնել է այդ պայմաններին և դրան հաջորդող 3 տարիների ընթացքում նախատեսվել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել։

Վերանորոգման գործընթացը գրեթե երեք տարի է ընթացել, և դրա արժեքը մեծացել է մինչև 42 միլիոն ԱՄՆ դոլար՝ դրանով իսկ համալիրը դարձնելով ժամանակակից և բարձր մակարդակի սպորտային և համերգային արենա։

2008 թ. հոկտեմբերի 31-ին, իր առաջին երդմնակալության 25-րդ տարելիցից հետո, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երկրորդ բացումը տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին Բ-ի, Կարեն Դեմիրճյանի որդու՝ Ստեփան Դեմիրճյանի, Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ տիկին Ռիմայի և Երևանի բնակիչների մեծ բազմություն ներքո։ Արարողության ժամանակ տեղի ունեցավ համերգներ և գեղասահքի ներկայացումներ։ Ռուսական գեղասահքի լեգենդ Եվգենի Պլյուշչենկոն անակնկալ հյուրն ու կատարողն էր։

Մարզահամերգային համալիր

2014 թ. օգոստոսին, սեփականատերերի կուտակված պարտքերի պատճառով, ՀՀ կառավարությունը համալիրի սեփականությունը փոխանցել է Պաշտպանության նախարարությանը։

2015 թ. օգոստոսին Հայաստանի կառավարությունը որոշեց վաճառել համալիրը NTAA Investment Group LLC-ին, որը նախատեսում էր համալիրը վերափոխել 4 տարում «ընտանեկան կենտրոն»-ի, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգասրահներ, հանդիպման սենյակներ, ռեստորաններ, խանութներ, խաղատուն և այլն։

2023 թվականին Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվել է Կարեն Դեմիրճյանին հուշարձանը[4]։

Կառուցվածք

Համալիրն ունի եզակի դիզայն, ամբողջ շինարարության արտաքին տեսքը հիշեցնում է իր թևերը բացած մեծ թռչուն։ Դրա ճարտարապետական հատկությունները ներառում են 1,008 տեղանոց դահլիճ, որը կարող է արագորեն միացնել երկու մեծ սրահը՝ ստեղծելով լրացուցիչ նստատեղեր, որոնց համար ճարտարապետները պարգևատրվել են ԽՍՀՄ պետական մրցանակով, որն իր տեսակի մեջ ամենաբարձրն էր 1987 թվականին։

Համալիրը բաղկացած է հետևյալ սրահներից՝

  • Հիմնական դահլիճն ունի 6000 նստատեղ, որն օգտագործվում է սպորտային միջոցառումների և համերգների համար, ընդլայնվելով այն կարող է ունենալ մինչև 8,800 նստատեղ,
  • Համերգային դահլիճը կարող է ունենալ 2,040 տեղ,
  • Մարզասրահն ունի 2000 նստատեղ,
  • Հայաստանի նիստերի դահլիճ,
  • Արգիշտի դիվանագիտական հանդիպումների դահլիճ,
  • Խոշոր դահլիճները օգտագործվում է ցուցահանդեսների և այլ միջոցառումների համար։

Ճանապարհ դեպի մարզահամերգային համալիր

Դեպի Հրազդանի կիրճ տանող ուղիները երեքն են՝ Կիևյան կամրջովՊռոշյան փողոցով և Մաշտոցի պողոտայում՝ Կոնդի բլրի տակ կառուցված երկու զուգահեռ թունելներով։ 1978 թվականին այդ թունելները վերակառուցվեցին, վերանորոգվեց նաև մանկական երկաթուղին։ Թունելները գլխավոր պողոտայի շարունակությունն են և դուրս են գալիս կիրճի ձախ ափը։ Հակառակ ափին են գտնվում Ծիծեռնակաբերդի այգին, Եղեռնի հուշարձանը և մարզահամերգային համալիրը։ Այդ այգին, ըստ էության, կտրված է քաղաքից Հրազդան գետի խոր կիրճով։

Ժամանակին Կարեն Դեմիրճյանն առաջարկել էր «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի տնօրեն Դանդուրովին էսկալատորային վերելակի տարբերակով քաղաքի կենտրոնը կապել Ծիծեռնակաբերդի զբոսայգու հետ։ Ճարտարապետ Լևոն Տիգրանյանը նախագծեց այդ տարբերակը, ըստ որի նախատեսվում էր գետի աջ ափին տեղադրել վերելակ-հրապարակ։ Քաղաքի բնակչությունը ընդամենը տաս րոպեում կարող էր Մաշտոցի պողոտայից հասնել վերին դիտակետ, որտեղից բացվում էր քաղաքի համայնապատկերը։ Նախատեսում էր շինարարությունը սկսել 1983 թ.: Սակայն ԽՍՀՄ К9 պահպանության հատուկ բաժինն, անվտանգության նպատակներից ելնելով, արգելեց այդ շինարարությունը։ Ըստ այդ բաժնի՝ վերին դիտահրապարակից կերևար կառավարական ամառանոցը և այդտեղից հնարավոր էր ահաբեկչական գործողություն իրականացնել[5]։